«Երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, նրանք փաստացի փորձում են անտեսել իրականությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ անդրադառնալով` զանգվածային ձերբակալություններին։
Պատգամավորի խոսքով` հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերը և դրանց հետևանքով քաղաքացիների ձերբակալությունները ցույց են տալիս, որ իշխանությունը շարունակում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ իրականացնել։
«Եթե մարդուն ձերբակալում են ոչ թե իր կատարած հանցանքի, այլ իր քաղաքական հայացքների, իշխանության քննադատության կամ խաղաղ բողոքի մեջ մասնակցության համար, ապա դա դասական քաղաքական հետապնդում է, և այդ մարդիկ քաղբանտարկյալներ են։
Իշխանությունը պետք է պատասխան տա ոչ թե այն հարցին, թե ինչ պիտակ ենք տալիս այդ մարդկանց, այլ այն հարցին, թե ինչու է Հայաստանում, ժողովրդավարություն հայտարարած պետությունում, մարդիկ հայտնվում ճաղերի հետեւում՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար»,-նշեց Մելքոնյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը, անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի ձերբակալությանն ասում է. «Գյումրիի ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ձևը և դրա շուրջ ստեղծված ցուցադրական իրավիճակը, իմ կարծիքով, ավելի շատ գործող իշխանությունների համար անհրաժեշտ քաղաքական բեմադրություն էր, քան իրավական անհրաժեշտություն։ Եթե իսկապես նպատակն իրավական գործընթացն էր, ապա ոչ մի հիմնավոր պատճառ չկար ՀՀ ՆԳՆ ուժերը Գյումրի տեղափոխելու և քաղաքում այդպիսի մթնոլորտ ստեղծելու»։
Պատգամավորի խոսքով`Վարդան Ղուկասյանը հանրային և ճանաչված դեմք է, և վստահ կարելի էր ապահովել նրա ներկայությունը հարցաքննության առանց այդ ամենի։
«Բայց տեսանք՝ ինչպիսի շոու իրականացվեց։ Դա արվում է հասարակության ուշադրությունը շեղելու համար՝ կամ ներքին լարվածությունից, կամ իշխանության կողմից այլ հակազգային խնդիրներ լուծելու նպատակով։Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները շարունակում են ուժային կառույցները օգտագործել ոչ թե օրենքի գերակայությունը հաստատելու, այլ քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար։ Ես այցելել եմ և՛ Գյումրու ՁՊՎ, և՛ Արթիկի քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու քաղաքական հիմքերով ձեռբակալված և կալանավորված մեր քաղաքացիներին։ Խոսքը մոտ երեք տասնյակից ավել մեր հայրենակիցների մասին է, ովքեր ձերբակալվել են բացառապես իրենց քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման համար»,- շարունակում է Մելքոնյանը։
Պատգամավորի գնահատմամբ` նրանց վիճակը կարելի է բնորոշել մտահոգիչ։
«Առավել մտահոգիչ է այն, որ կալանավորման որոշումները միանշանակ անհամաչափ և ընտրովի են․ նույն գործողությունների համար մեկ դեպքում մարդիկ ազատ են արձակվում, իսկ մյուս դեպքում կալանավորվում՝ ըստ քաղաքական պատկանելության կամ համոզմունքի։ Սա վկայում է, որ դատարաններն ու իրավապահ համակարգը շարունակում են գործել ոչ թե օրենքի, այլ իշխանական կամքի սահմաններում։
Ես չեմ կարող ընդունել իրավիճակ, որտեղ քաղաքական այլակարծությունը դիտվում է որպես հանցագործություն։ Այս մոտեցումը վտանգում է ոչ միայն անհատների ազատությունը, այլ նաև պետության ժողովրդավարական հիմքերը»,- եզրափակում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։