Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջել է, որ պատկան մարմինները հետաքննեն գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության խախտումները։ Սա ներառում է նաև աուդիո և վիդեո ձայնագրությունների հրապարակումը, որոնք հանգեցրել են քրեական գործերի։
Մանասյանն այս իրավունքների համակարգային խախտումները և դրանք կանխելու միջոցառումների բացակայությունն անվանել է «անընդունելի»։ Նրա խոսքով՝ նման միջադեպեր տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով, բայց հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերով։
Քննչական կոմիտեն հոկտեմբերի 23-ին հայտարարել էր քրեական գործ հարուցելու մասին, երբ կառավարամետ լրատվամիջոցները հրապարակել էին ձայնագրություններ, որոնցում, ենթադրաբար, խոսվում էր «Մեր ձևով» շարժման հանրահավաքին մասնակցելու համար «նյութական պարգևատրման» մասին: Գործով ներգրավված է երեք անձ, որոնցից մեկը ձերբակալվել է։
«Մեր ձևով» շարժումը հայտարարել էր, որ ձայնագրությունները բեմադրված են, իսկ անձանց ապօրինի գաղտնալսման իմիտացիա ստեղծելը, ապօրինի գաղտնալսելն ու հրապարակելը հանցագործություն է, որը պետք է հստակ իրավական գնահատական ստանա։
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների հավաքագրումը կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների տարածումը ոչ միայն հակասում են Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին, այլև հանդիսանում են մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում։ Նման գործողությունները պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության»,- հայտարարել է Մանասյանը։
Նա ընդգծել է, որ պետությունն է պատասխանատու խախտումները կանխարգելելու կառուցակարգեր մշակելու, իսկ դեպքերի առկայության պարագայում` անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում: Օմբուդսմենը կոչ է արել պետական մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պահպանել օրենքն անձնական տվյալներ հավաքելիս և տարածելիս։
Մանասյանը հավելել է, որ ժողովրդավարական հասարակությունում սոցիալապես նշանակալի հարցերի քննարկումը թույլատրելի է, բայց չպետք է ուղեկցվի մարդու իրավունքների խախտումներով։
«Անձնական տվյալների պաշտպանության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը ոչ թե պարզապես իրավական երաշխիքներ են, այլ արժեքներ, որոնց պահպանման մակարդակն ի ցույց է դնում նաև պետության ու հասարակության իրավական մշակույթը»,- նշել է նա:
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ վերջինս փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
