Դատական համակարգում այլևս չեն թաքցնում, որ վերևից իջած հրահանգներ են կատարում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նման իրավիճակ է ստեղծվել «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ:
«Երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100 տոկոսով համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, սակայն մեկ ժամ անց դատավոր Վարսենիկ Մելքոնյանը վերադարձել է, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից` հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր»,- գրում է թերթը։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Մխիթարյանի կալանավորումը որակել է ապօրինի և ընդգծել, որ նա ընդամենը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։
