Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքի «Զմրուխտե բլուրներ» թաղամասում բնակելի շենքի վրա անօդաչուի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դրոնը խոցել է 14-րդ հարկի բնակարաններից մեկը», -մանրամասնել է Վորոբյովը։
Տուժածներից երեք մեծահասակ տեղափոխվել են Կրասնոգորսկի քաղաքային թիվ 1 հիվանդանոց, երեխան ևս հոսպիտալացվել է:
Բակում ընկած են անօդաչուի բեկորներ և շենքի պատերի ծեփեր, կոտրված ապակիներ։ Մի քանի ավտոմեքենա նույնպես վնասվել է։
Հրշեջների ժամանումից առաջ ինքնուրույն տարհանվել է շուրջ 70 մարդ։
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։
Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինացի զինյալները ամեն օր հարձակվում են սահմանամերձ շրջանների քաղաքացիական օբյեկտների վրա։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս պնդումները:
