Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները իրականում քաղաքական բնույթ ունեն և ուղղված են անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։
Նրա խոսքով՝ իշխանությունները քրեական գործ են հարուցել Վեհափառի նկատմամբ՝ հիմնվելով մի ձայնագրության վրա, որտեղ նախկին քահանան պնդում է, թե Վեհափառը իրեն հորդորել է մասնակցել ցույցին։ Վարդանյանը նկատեց, որ իշխանությունները անտեսում են այն հանգամանքը, որ ձայնագրությունը ապօրինի է կատարվել։
«Ուզու՞մ եք մեկ օրինակով տեսնել, որ սա քաղաքական հետապնդում է․ հիշե՛ք այն ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը քննարկում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցերը։ Այդ դեպքում վարույթ չհարուցվեց խոսակցության բովանդակության, այլ՝ ապօրինի գաղտնալսման փաստի շուրջ»,– ընդգծեց Վարդանյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ Միքայել Աջապահյանին ուղարկված ծանուցման պատմությանը՝ հարցնելով, թե արդյոք վեհարանը գրոհվել է նրա չներկայանալու պատճառով, թե պարզապես՝ շոու կազմակերպելու նպատակով։
Քրիստինե Վարդանյանը քննադատեց իշխանությունների վարքագիծը՝ նշելով, որ արտաքինից ժամանակակից ու «ժողովրդավարական» ձև ունենալը (սրտիկ անել,) չի նշանակում ժողովրդավար լինել։ Նրա խոսքով՝ իրականում երկրում հաստատվել է իշխանության կենտրոնացում և այլակարծության ճնշում։
«Այո՛, դուք կարող եք լինել ավելի կոկիկ, ավելի նորաձև, բայց դրանից ձեր ավտորիտար էությունը չի փոխվում։ Սա պարզապես նոր բրենդով ավտորիտարիզմ է»,– եզրափակեց նա։