Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն աշխատում է երեք ուղղությամբ․ Ավինյան

Քաղաքապետը անդրադարձել է նաև վերջերս աղբավայրում տեղի ունեցած հրդեհին

Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն աշխատում է երեք ուղղությամբ․ Ավինյան


ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն աշխատում է երեք ուղղությամբ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։


Նշենք, որ հոկտեմբերի 9-ին կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հրդեհը պատահականություն չէ։ Հարուցվել է քրեական վարույթ։


«Առաջին ուղղությամբ հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ աղբի վերամշակման գործարան կառուցելու և այդ ոլորտում փորձ ունեցող ընկերությունների ներգրավման համար։ Առաջին փուլում կընդունվեն առաջարկները, իսկ երկրորդ փուլում կանցկացվի ավարտական մրցույթ՝ գործարանի կառուցման նպատակով», – ասավ Ավինյանը։


Նրա խոսքով, երկրորդ ուղղությունը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և միջազգային ֆինանսական գործընկերների հետ համատեղ ընթացող գործընթացին։


«Իսկ երրորդ ուղղությամբ մշակվում է նոր ծրագիր՝ Նուբարաշենի գործող աղբավայրում նախնական վերամշակման գործընթաց իրականացնելու համար», – ընդգծեց Ավինյանը։


Քաղաքապետը անդրադարձել է նաև վերջերս աղբավայրում տեղի ունեցած հրդեհին։


«Քաղաքապետարանը չեղարկել է մասնավոր ընկերության հետ կնքված՝ աղբավայրի կառավարման պայմանագիրը և վերցրել է կառավարումն իր ձեռքը։ Բացի այդ, քաղաքապետարանը ներդրել է ամբողջական տեսահսկման համակարգ և սահմանափակել տարբեր ավտոմեքենաների մուտքը տարածք։ Այսուհետ աղբավայրի վերահսկողությունը բավական խիստ է լինելու», – ասաց Ավինյանը։


Leave a Comment