Ի՞նչ կաթնամթերք ընտրել նիհարելու կամ քաշ հավաքելու համար. էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

Գիտնականները պարզել են, որ կաթնամթերքի բավարար օգտագործումը նվազեցնում է տարբեր հիվանդություններով վարակվելու և վաղաժամ մահվան ռիսկը


ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գիտնականները պարզել են, որ կաթնամթերքի բավարար օգտագործումը նվազեցնում է տարբեր հիվանդություններով վարակվելու և վաղաժամ մահվան ռիսկը։


Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը «Նովոստի-Արմենիա»-ի News Armenia Stories Youtube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցի շրջանակում խոսել է կաթնամթերքի օգտակար հատկանիշների մասին և թվարկել կաթը սննդակարգում ներառելու կարևորագույն կետերը։


«Կաթնամթերքը հարուստ է կալցիումով, սպիտակուցներով, մեզ անհրաժեշտ ճարպերով, որոնք անհրաժեշտ են մկանային զանգվածի աճի համար։ Բացի այդ, կաթնամթերքը պարունակում է նաև ճարպալույծ վիտամիններ, A, D, E, K վիտամիններ, որոնք անհրաժեշտ են իմունիտետի համար։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի օգտագործումը նվազեցնում է աղիների քաղցկեղի հաճախականությունը»,- ասել է նա։


Աղաբաբյանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև երեխաների սննդակարգին՝ նշելով, որ կաթնամթերքը պարտադիր պետք է ներառվի նրանց նախաճաշում։


Էնդոկրինոլոգը նշել է, որ ամենաակտիվ ոսկրային հյուսցվածքի զարգացումը տեղի է ունենում 0-2 և 10-18 տարեկանում։ Ուստի, երեխաների սննդակարգի մեջ պարտադիր պետք է ներառել կաթնամթերք։


«Հիմա ավելի շատ եմ տեսնում, որ դեռահասները սնվում են ածխաջրով, որն արագ սնունդ է, իսկ կաթնամթերքն ավելի պակասել է մեր սննդակարգից»,-ասել է նա՝ հորդորելով ծնողներին, որ նախաճաշին երեխաների սննդակարգում պարտադիր ներառեն սպիտակուց, իսկ կաթնամթերքը սպիտակուցի ամենալավ պաշարն է։


Քաշը կարգավորելու համար Աղաբաբյանը խորհուրդ է տալիս օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք, բայց ոչ ամբողջովին անյուղ։


«Մենք առաջին հերթին պետք է բալանսավորենք մեր սննդակարգը։ Բալանսավորելու համար անհրաժեշտ է իմանանք, որ մեր ափսեի 1/2–ը պետք է լինի բանջարեղեն և 1/4–ը՝ պարտադիր սպիտակուց, մյուս 1/4–ը՝ ածխաջուր։ Պարտադիր պետք է լինի սպիտակուց, ածխաջուր և ճարպ։ Սա նշանակում է, որ սննդակարգից չի կարելի հանել այս տեսակներից որևէ մեկը», – ասել է նա։


Աղաբաբյանը նաև ընդգծել է կաթի յուղայնության կարևորությունն այս համատեքստում։


«Սովորաբար նիհարել ցանկացողները անյուղ կաթնամթերք են նախընտրում։ Սա ճիշտ չէ, որովհետև կաթնամթերքը պարունակում է ճարպալույծ վիտամիններ, և եթե կաթնամթերքը ունի 0% յուղայնություն, նրա դրական ազդեցությունը նվազագույն է լինելու, և այդ վիտամինները չեն մերձեցվելու։ Այն մարդիկ, որոնք ուզում են նվազեցնել քաշը, պետք է օգտագործեն ցածր յուղայնություն ունեցող կաթնամթերք, բայց ոչ 0%», – պարզաբանել է նա։


Բժիշկը հորդորել է նաև խուսափել կաթնայուղի փոխարինիչներ պարունակող արտադրանքից, որոնք կանցերոգեն հատկություններ ունեն։


«Սպառողները պետք է ընտրեն միայն անարատ կաթից պատրաստված արտադրանք»,-ասել է նա։


Մանրամասները՝ տեսանյութում


 

Leave a Comment