7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

Ես Նոր Նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը յոթ անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը և վստահորեն նաև Երևանի ՏԻՄ նոր օրենքով ստեղծված լիազորությունների շրջանակում գործելու է համապատասխանաբար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով առանց շինթույլտվության Բաղյան 2/5 հասցեում ահռելի մեծ գյուղմթերքի շուկայի կառուցմանը։

«Շինարարություն հիմա որպես այդպիսին, չի իրականացվում։ Այլ հարց է, որ այնտեղ տեղեր կան, որ մենք չենք կարող մուտք գործել, իրավունք չունեինք, բայց երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունից հետո այդ խնդիրն էլ ենք լուծելու»,–ասաց նա։

Ավելի վաղ բլոգեր Արթուր Չախոյանը հայտարարել էր, որ նախորդ տարվանից Բաղյան փողոցի 2/5 հասցեում կառուցվում է ահռելի մեծ գյուղմթերքի շուկա՝ առանց շինթույլտվության։ «Ըստ իմ մոտավոր հաշվարկների, միայն շինթույլտվության համար պետք է պետական բյուջե մուտք գործեր մոտ 200 հազար դոլար։ Եթե ես որևէ բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանն ինձ հերքի, եթե ոչ ուրեմն ես ճիշտ եմ ասում։ Տիգրան Ավինյան, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ։

Նիկոլ Փաշինյան, այս ամենը այլ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով»,– գրել էր նա։

Leave a Comment