Համապատասխան նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ կներդրվի։
«Սույն նախագծով առաջարկվում է 570 մլն դրամ հատկացնել 10-18-տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի համակարգը ներդնելու համար։ Նշեմ, որ զրոյից 9-տարեկան երեխաներին արդեն կառավարությունը նախորդիվ` 181 մլն դրամ հատկացրել է այս որոշումներով»,- այսօր կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կառավարությունը, առաջնահերթություն տալով երեխաների առողջության պահպանման և իհարկե, նաև կյանքի որակի ապահովմանը, 1100 երեխաների համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման լիարժեք խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգով։ Այս համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։
«Մեր շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց, և երեխաների համար մատը ծակելը թե՛ հոգեբանական, թե՛ կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում: Հաճախ նաև հրաժարվում են երեխաներն այդ չափումներն իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն: Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել շոկերը և ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը ու դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ այս սարքերի օգտագործումը նաև դպրոցահասակ և մանկապարտեզ հաճախող երեխաներին հնարավորություն կտա, որպեսզի բժիշկները, ճիշտ ժամանակին արձագանքելով, կարողանան ապահովել երեխաների թե անվտանգությունը, թե առողջության ապահովումը։
Ավանեսյանն ընդգծել է, որ դիաբետի վարման առումով մեր երկիրը դնում է ժամանակակից քարտեզի վրա։
Չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով:
«Ուզում եմ նշել նաև, որ այս բոլոր միջոցառումները միտված են նաև այն նպատակին, որպեսզի մեր երեխաները չհամարվեն հաշմանդամ»,-ասաց նա։
Նախագիծը ստացավ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը։
Իր հերթին, վարչապետն ընդգծեց, որ դիաբետը նորագույն այս դեղամիջոցներով և սարքավորումներով կառավարելու պարագայում դառնում է կենսաձև։
«Սա է նաև մեր քաղաքականությունը` ապահովել երեխաների լիարժեք կյանքը, ֆունկցիոնալությունը և հրաժարվել նախկինում հաշմանդամացման տրամաբանությունից»,-ասաց նա։