Հայաստանի փաստաբանների պալատը դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը՝ նրա քրեական հետապնդումը անվանելով «անհամաչափ» և «իրավական պետության սկզբունքներին հակասող»:
Պալատին կից փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ Կոչուբաևի ձերբակալությունը ուժի կիրառմամբ, ինչպես նաև նրա տանը, ավտոմեքենայում ու փաստաբանական գրասենյակում խուզարկությունները չափազանց մեծ միջամտություն են մասնագիտական գործունեությանը:
«Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից», – նշված է հայտարարության մեջ:
Պալատն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային՝ հիշեցնելով, որ իշխանության ներկայացուցիչներին քննադատելու կամ վիրավորելու համար ազատազրկումը համարվում է անհամաչափ միջոց: Հանձնաժողովից ընդգծել են, որ պետությունը պարտավոր է դիմել քաղաքացիաիրավական կամ վարչական պատասխանատվության, այլ ոչ թե քրեական հետապնդման:
Հանձնաժողովը նաև պահանջել է հետաքննել իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները, որոնք, ըստ հայտարարության, ուժ են կիրառել Կոչուբաևին քննչական մարմին տեղափոխելու ժամանակ, և պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց, որոնք «թույլ են տվել լիազորությունների գերազանցում»:
Նշվում է, որ փաստաբանի հեռախոսում և նոութբուքում կարող են լինել փաստաբանական գաղտնիքին վերաբերող տեղեկություններ: Հանձնաժողովը կոչ է արել զերծ մնալ գաղտնի տվյալների հասանելիությանն ուղղված ցանկացած գործողությունից և առգրավված սարքերը վերադարձնել փաստաբանին: Բացի այդ, Փաստաբանների պալատից պահանջել են դադարեցնել Կոչուբաևի արտահայտությունների համար քրեական հետապնդումը, խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել նրա մասնագիտական կարգավիճակը և ապահովել փաստաբանական գործունեության անձեռնմխելիության մասին օրենսդրության պահպանումը:
Դատարանը Կոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին Ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը: Կոչուբաևը, մասնավորապես, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին անվանել էր «հոգին սատանային վաճառած» և «շան տղա»: Համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ փաստաբանին գետնին էին տապալել դիմակավորված ուժայինները «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների գործով դատական նիստից հետո: Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել են նրա գործընկերներ Վարազդատ Հարությունյանն ու Ռուբեն Մելիքյանը:
