
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
«Համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է»։
Հոկտեմբերի 17-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի մասնակցությամբ։ Ըստ հրապարակումների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Հայր Աղան Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց՝ իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու՝ մատուռում։
Ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։