Չինաստանն արձագանքել է Թրամփի՝ «Թայվանն ուժով վերցնելու ցանկության բացակայության» մասին խոսքերին

Չինաստանը Թայվանից կհեռացնի անջատողական բոլոր ուժերին, հայտարարել է Չինաստանի պետխորհրդին կից Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե Պեկինը «ցանկություն չունի» ուժով վերցնել Թայվանը։

«Մենք պատրաստ ենք ստեղծել լայն տարածություն խաղաղ վերամիավորման համար, ցուցաբերել առավելագույն անկեղծություն և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ վերամիավորման հեռանկարի համար։ Միևնույն ժամանակ՝ բացարձակապես տեղ չենք թողնի Թայվանի անկախության կողմնակիցներին՝ բաժանողական գործունեության համար՝ անկախ նրանից, թե դա ինչ ձևով է արտահայտվում»,- ասել է նա։

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Թայվանի խնդրի լուծումը «բացարձակապես Չինաստանի ժողովրդի ներքին գործն է»։ Նա հավելել է, որ կղզում իշխանություն ունեցող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության սադրիչ գործողություններն ու արտաքին ուժերի վրա հենվելու փորձերը՝ Չինաստանից առանձնանալու նպատակով, «խաղաղության և կայունության ամենամեծ սպառնալիքն են Թայվանյան նեղուցում»։

Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Պեկինը չի ցանկանում հարձակվել Թայվանի վրա և կփորձի լավ հարաբերություններ պահպանել Վաշինգտոնի հետ այս հարցում։ ԱՄՆ նախագահը շեշտել էր նաև «Ամերիկայի լավագույն սպառազինությունը», որի պատճառով, ըստ նրա, «ոչ ոք չի ցանկանա կատակել ԱՄՆ-ի հետ»։

Leave a Comment