Լուվրը չորեքշաբթի օրը կրկին բացել է իր դռները այցելուների համար, երեք օր անց այն բանից հետո, երբ փակվել էր թագավորական թանկարժեք զարդերի գողության պատճառով, հայտնում է AFP-ն։
Ժամը 9:00-ից (Գրինվիչի ժամանակով 07:00), որը թանգարանի բացման սովորական ժամն է, առաջին այցելուները սկսել են մուտք գործել աշխարհահռչակ հաստատություն, թեև թանգարանը հայտնել է, որ «Ապոլոն» պատկերասրահը, որտեղ կիրակի օրը տեղի էր ունեցել գողությունը փակ է մնում։
Տասնյակ քննիչներ փնտրում են կիրակնօրյա իրադարձությունների մեղավորներին՝ մշակելով այն վարկածը, որ դա կազմակերպված հանցավոր խումբ է եղել, որը բեռնատարով և սանդուղքով է մտել թանգարան, իսկ այնուհետև, փախչելիս, գցել է ադամանդներով զարդարված թագը։
Նրանք գողացել են ութ թանկարժեք զարդեր, այդ թվում՝ զմրուխտներով և ադամանդներով վզնոց, որը Նապոլեոն I-ը նվիրել էր իր կնոջը՝ կայսրուհի Մարիա-Լուիզային, և գրեթե 2000 ադամանդներով զարդարված թագ, որը ժամանակին պատկանել է կայսրուհի Եվգենիային։ Գողության հաջորդ օրը հիասթափված զբոսաշրջիկներին չեն թույլատրել այցելել Փարիզի կենտրոնում գտնվող Լուվրը։ Երեքշաբթի օրը այն նույնպես փակ է մնացել՝ համաձայն սովորական ժամանակացույցի։ Աշխարհում ամենաշատ այցելվող թանգարանը անցյալ տարի այցելել է ինը միլիոն մարդ։
Գողությունը կրկին սկանդալ է առաջացրել ֆրանսիական թանգարաններում անվտանգության բացակայության պատճառով, այն բանից հետո, երբ անցյալ ամիս հարձակումներ էին տեղի ունեցել երկու այլ հաստատությունների վրա։