Մինսկի խմբի լիակատար լուծարումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 1-ը, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովը նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարության կարևորությունը։
«Այսօր տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Օգոստոսի 8-ից ի վեր մենք դրական արդյունքներ ենք տեսել գործընթացում։ Մեզ համար խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Այն, ինչ տեղի է ունենում, հաստատում է դա»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։
Մինսկի խումբն ստեղծվել էր 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել էր 2022 թվականին։
