Ես Կապանի պրոդուկտ եմ․ Արա Մարգարյանի ուղին փոքր քաղաքից դեպի մեծ աշխարհ․ «Դիվանագիտական գործ»

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանն իր դիվանագիտական ուղին սկսել է մի սովորական նախախնամությունից։

Ով կմտածեր, որ Հայաստանի մի փոքրիկ քաղաքում ծնված դիվանագետի ուղին ընդգրկելու է արևելքի մշակույթից մինչև արևմտյան դիվանագիտական դպրոցներ։ Հիմա կիմանանք դիվանագիտական քայլերի հերթականությունը։

***

1994 թվականին Պետական արարողակարգի վարչության կցորդ նշանակված Արա Մարգարյանն ամենասկզբում դիվանագետի իր կարիերան, պայմանավորվածության համաձայն, պետք է սկսեր Մերձավոր Արևելքի վարչությունից՝ մասնագիտության համապատասխան։

-Երբ ես սեպտեմբերի 5-ին աշխատանքի եկա, ինչպես պլանավորել էինք, ինձ ասացին, որ ես գնում եմ ոչ թե Մերձավոր Արևելքի վարչություն, այլ՝ Պետական արարողակարգի վարչություն։

Այս վարչութունը նորություն էր ինչպես Արա Մարգարյանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։

— Ճիշտն ասած, առաջին անգամ էի լսում պետական արարողակարգի մասին ու չէի պատկերացնում, թե դա ինչ պիտի լինի։ Բայց ես հետո շատ եմ գնահատել այդ քայլը, որովհետև, կարծում եմ, դիվանագետի համար իր առաջին քայլերը պետական արարողակարգից սկսելը կարևոր է։

Այդ ժամանակ ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել Հայաստանում բացված դեպանությունների քանակը։ Պետական արարողակարգի վարչությունը դարձավ շփման գիծ հայ և օտարերկրյա դեսպանությունների միջև։

-Ես այդ արարողակարգում աշխատելու շնորհիվ հնարավորություն ունեցա ավելի շատ շփվել օտարերկրյա դիվանագետների, Հայաստան եկող ու գնացող պաշտոնական պատվիրակությունների հետ, ու դա շատ ուսանելի էր։

Նախքան 2000-ականների դիվանագիտութանն անցնելը՝ հյուրիս խնդրեցի ամփոփել նորանկախ երկրի դիվանագիտության սկիզբը՝ ի՞նչ դասեր քաղեցինք այդ տարիներից։

-Գիտեք ինչ՝ դասերը շատ էին։ Երկրում ամեն ինչ նոր էր։ Այն մի մանուկ էր, որն առաջին քայլերն էր անում որպես անկախ պետություն։ Ամեն ինչ, ինչ արվում էր երկրում, արվում էր գրեթե առաջին անգամ, ու նաև մենք ունեինք մի ծանր խնդիր՝ Ղարաբաղի հարցի տեսքով։ Այն մեծ խնդիր էր դրված այդ  ժամանակվա թե՛ իշխանությունների և թե՛ դիվանագետների ուսին։

Երկրի կայացման առաջին քայլերը միշտ էլ կարելի է պատկերացնել նոր սահմանդրությամբ, դրոշով ու օրհներգով։ Բայց, նախքան այդ, պետք էր հոսանք ունենալ։

 -Մենք  նոր սկսեցինք մի քիչ ավելի երկար հոսանք ունենալ թե՛ տներում, թե՛ պետական հիմնարկներում։ Բայց կամաց-կամաց, երբ որ իրավիճակը սկսեց բարելավվել, տնտեսական վիճակն արդեն գնալով ավելի էր լավանում, արդեն սկսեցինք նաև ավելի շատ մտածել հնարավորությունների մասին։

***

Արա Մարգարյանի կենսագրության հետքրքիր կանգառներից է նաև ՄԱԿ-ում կանանց կարգավիճակի հանձնաժողովի փոխնախագահի կանգառը։ Ինչպե՞ս ստացվեց, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայցուցչությունը հայտնվեց այդ հանձնաժողվում։

-Ես զբաղվում էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեով,  որը հիմնականում զբաղվում է մարդու իրավուքների սոցիալական և մշակութային հարցերով։ Մեր կոմիտեն համակարգում էր նաև կանանց կարգավիճակի հանձնաժողովը, ու այդ տարի, երբ որ թափուր տեղ էր բյուրոյում բացվել և տարածաշրջանային ընտրություն պետք է արվեր, այն առաջարկեցին ինձ՝ որպես Հայաստանի ներկայացուցչի։

Այն, թե դա ինչքան հետաքրիր ու գունեղ իրադարձություն էր ՄԱԿ-ում, դժվար չէ պատկերացնել, դժվար է պատկերացնել, թե Հայաստանն իր անկախության ամենասկզբում կանանց առնչվող ինչպիսի՞ թեմաներով էր հանդես գալիս միջազգային այդ ամենակարևոր հարթակում։

-Անկեղծ կասեմ, որ այդ ժամանակ Հայաստանը չուներ որևէ հստակ ռազմավարություն կամ քաղաքականություն, որով մենք պետք է առաջնորդվեինք։ Պարզապես,  հիմնական խնդիրները, որոնք օրակարգում էին, մենք փորձում էինք այնպես անել, որ այդ քննակումների ժամանակ նաև մեր շահերը ներկայացվեն և մեզ համար առաջնային հարցերն արծարծվեին։

Իսկ այդ տարիներին դեռ առկա էր Ղարաբաղյան հակամարտությունը։ Առաջին հերթին շեշտադրվում էր ինքնորոշման իրավունքի կարևորությունը, հակամարտությունների պայմաններում կանանց և հատկապես երեխաների անքակտելի իրավունքների պաշտպանությունը, կյանքի իրավունքը։

***

Իսկ ի՞նչ կանեիք դուք, եթե դիվանագիտությամբ զբաղվող ընկեր ունենայիք։ Դե, պարզ է, որ խնդրելու էիք, որ նա մի քանի կանխատեսումներ անի այդքան անկայուն ու երբեմն վախեցնող քաղաքական գործընթացների մասին։

Արա Մարգարյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ՝
հավատարմագրերը հանձնելու արարողությունից հետո

-Գիտեք ինչ, ինձ թվում է, դիվանագետի համար կանխատեսումներ անելը մի քիչ անշնորհակալ գործ կլինի։  

Դիվանագիտությունը շատ նման է շախմատի, այսինքն՝ երբ որ դու գործ ունես քո դիմացինի հետ, բանակցություններում, դու մինչև գնալը պատրաստվում ես, չէ՞։ Եվ դա անում ես այնպես, ինչպես շախմատիստն է պատրաստվում խաղին, ու ամեն քայլը, երբ որ դու անում ես, դու պիտի իմանաս բոլոր հավանական քայլերը, որը կարող է անել նաև քո հակառակորդը։

Խոստովանեք, որ  երբեմն դուք էլ ձեր շրջապատի այն մարդկանց, որ շատ արագ լեզու են գտնում մյուսների հետ արագ հարմարվում են նոր պայմաններին «ինչ դիվանագետ է» բնորշումն եք տալիս։ Իսկ դիվանագետներն ինչպե՞ս են վերաբերվում դրան։

-Ինձ թվում է, որ սա մի հարց է, որին իրականում պիտի ոչ դիվանագետը պատասխանի։ Ասենք՝ իմ ոչ դիվանագետ ընկերները, հատկապես՝ կինս, որովհետև իրենք են, որ ժամանակ առ ժամանակ, երբ ինչ-որ մի բան են անում, ասում են՝ ա՛յ, նորից քեզ դիվանագետի պես պահեցիր կամ դիվանագետի պես խոսեցիր։ Ես դա չեմ զգում, ես անում եմ ինչ-որ մի բան ու այդ գնահատականը ստանում։

***

-Շատ հետաքրքիր է Ձեր կենսագրությունը՝ Կապանից դեպի ՄԱԿ և այլ կարևոր տեղեր։ Այդ ճանապարհը Ձեզ ի՞նչ է սովորեցրել, հնարավո՞ր է Կապանում այդպես մեծ երազել։

Արա Մարգարյանը Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ

-Միանշանակ, այո, որովհետև ես ծնվել, մեծացել եմ մի քաղաքում, որը, Խորհրդային Միության մակարդակով կարելի է համարել պրովինցիա, փոքրիկ մի բնակավայր, բայց իրականում այն բավականին հայտնի էր, և այսօրվա պայմաններում էլ շարունակում է այդպիսին լինել։

Ուներ շատ զարգացած մշակութային, կրթական կյանք։ Ես կարող եմ ասել, որ այն, ինչ ես հիմա դարձել եմ, իհարկե Կապանի պրոդուկտ եմ, և, իհարկե, կարելի է պատկերացնել, որ ինչ-որ մեկը, որը ծնվել, մեծացել է Կապանում, կարող է նման կարիերա անել։

Ինչպես այս պատախասխանից պարզ դարձավ՝ Կապանում ծնված Արա Մարգարյանը առավել քան վստահ է ՝ փոքր ծննդավայրում հնարավոր է մեծ երազել։ Չէ՞ որ մեծ երազանքները ձևավորում են ազդեցիկ մասնագիտություններ, որոնք ավելի ուշ առաքելություն են դառնում։

-Դիվանագիտությունը մեր անկախ երկրի պահպանությունն է։ Մենք պետք է ամեն քայլ անենք, ամեն ջանք գործադրենք՝ որոշ դեպքերում ՝ նաև անհնարինը՝ պահպանելու և ամրապնդելու քո երկիրը, քո անկախությունը։

Նաև Ձեզ ասեմ, որ դիվանագիտության պարագայում գոյություն ունի փոխադարձության սկզբունքը, որտեղ ինչքան հզոր ու ամուր է քո երկիրը, այդքան ավելի բարձր ու համոզիչ է հնչում քո ձայնը որպես դիվանագետ, և քո դիվանագիտությունն է ընդունվում։

Leave a Comment