Ճարտարապետների պալատը հայտնել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով:
Նշվում է, որ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննարկումները Հայաստանի ճարտարապետների պալատում սկսվել են հանրային մտահոգությունների վերաբերյալ առաջին իսկ ահազանգերից անմիջապես հետո։ Հուշարձանի տարածքում պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են խորհրդի հինգ անդամներ։ Քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյալ։
Ըստ Ճարտարապետների պալատի՝ սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, Պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի ճարտարապետ Արթուր Թարխանյանի անունը կրող կենտրոնը Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների անունից հոկտեմբերի 21-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք «իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով»։
«Դրա հետևանքով խաթարվում է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը», – ահազանգել էին նրանք։
Ճարտարապետները դիմել էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև ԿՄՍԳՆ-ին՝ անհապաղ դադարեցնելու հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների:
Ճարտարապետների պալատը հերքել է Հայաստանի ճարտարապետների պալատի անունից տարածված հայտարարությունը՝ նշելով, որ պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից, մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել և անհրաժեշտության դեպքում ընդունելի լուծումներ որոնել բացառապես մասնագիտական գործընկերային դաշտում, ներգրավելով բոլոր կողմերին։
Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսում «արհավիրք» էր անվանել հուշահամալիրում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքները։
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։
Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍ նախարարությունը մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։
