Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ․ հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց:
«Պարզեցինք, որ ժամը 4։20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ասել է ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը:
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։
Մանրամասները՝ տեսանյութում։