Հանրային ռադիոյի ձայնային պահոցի բացառիկ, մոռացված, ձայնագրություններն այսօր մեզ կտեղափոխեն անցյալ դարի 1957, 1967, 1972 թվականներ, և մենք կլսենք մեզնից, ցավոք, արդեն հեռացած գրողների ձայները: Օրինակ՝ 1957թ. ձայնագրված պրոլետարական շրջանի գրող Մովսես Արազիինը՝ ծնված Շուլավերում՝ Վրաստան, 1878 թվականին: Կհիշեք, անշուշտ, նրա «Արևը» հուզական արձակ բանաստեղծությունը, իսկ հիմա կլսեք նաև նրա ձայնը, որ արձանագրվել է ժապավենի վրա 1957թ. Գրողների միությունում՝ նրա 80 ամյակի առիթով կազմակերպված ցերեկույթի ժամանակ:
Շատերի համար անսպասելի, միևնույն ժամանակ շատ հաճելի կլինի լսել Կոստան Զարյանի ձայնը: Սա, իսկապես, բացառիկ, գուցե և միակ, կամ շատ հազվադեպ մի ձայնագրություն է, որի վրա արձանագրված է մեծ գրողի ձայնը: Այն արված է 1967-ին, երբ Կոստան Զարյանը բնակվում էր Հայաստանում: Այս շրջանում նա աշխատում էր Գրականության և արվեստի թանգարանում: Ձայնագրությունից 2 տարի անց նա վախճավեց Երևանում:
Հանրային ռադիոյի պահոցի գանձերից մեկը մեզ կրկին տեղափոխելու է 1957 թվական, և ունկնդրելու ենք Ավ. Իսահակյանի կյանքի մայրամուտին արված թերևս վերջին ձայնագրություն- պատգամը՝ ուղղված է Սփյուռքի գրողներին:
Հանրային ռադիոյի ձայնադարանում պահվող 1972 թվականի ձայնագրությունների մեջ է նաև գրող Ստեփան Ալաջաջյանի ձայնը: Հալեպում ծնված գրողի ծննդյան կապակցությամբ, ետմահու Բեյրութի Ազդակը գրեց.
«Յունուար 3ին կը նշենք ծննդեան տարեդարձը հայ գրականութեան նորագոյն շրջանի մեծ վարպետներէն Ստեփան Ալաջաջեանի, որ յատկապէս «Եղէգները չխոնարհուեցին» անուն իր վէպով՝ անմահութիւն նուաճեց եւ արժանաւորապէս իր փայլուն աստղը ունեցաւ հայոց մեծերու համաստեղութեան մէջ։ Տարաբախտ կեանք մը ապրեցաւ Ս. Ալաջաջեան։ Կոկորդի քաղցկեղ յայտնուեցաւ մօտը եւ ստոյգ մահէ փրկուեցաւ 1980ականներու սկզբնաւորութեան, երբ վիրահատեցին զինք ու ձայնային լարերը հեռացուցին։ Մնաց առանց ձայնի, կեանքին մնացեալ ժամանակը արւեստական խօսափող օգտագործեց, բայց գրիչը բնաւ ձեռքէն վար չդրաւ, անդուլ ստեղծագործեց եւ իր սիրտն ու միտքը միշտ բաց պահեց ընթերցողին առջեւ՝ բառին փոխաբերական իմաստով բարձր ձայնով իր պատգամը հասցնելով հայոց սերունդներուն»։
Այսօր բացառիկ հնարավորություն կա լսելու «Եղեգները չխոնարհվեցին» վեպի հեղինակի ձայնը, մինչ չարաբաստիկ հիվանդության ի հայտ գալը: Նա պատմում է իր ծնողների ծննդավայր անառիկ Զեյթունի մասին: