ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում մոտ ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, լրատվամիջոցներին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։
«Նախագահ Թրամփը մոտ ապագայում նախագահ Պուտինի հետ հանդիպելու ծրագրեր չունի», – ասել է նա։
Երկու առաջնորդների՝ Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, այս մասին ավելի վաղ հաղորդել էր NBC News-ի թղթակից Գարեթ Հաակը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև առաջին հեռախոսազրույցը «արդյունավետ» է եղել։
Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը կարծում է, որ երկու կողմերն էլ դեռևս բավականաչափ պատրաստ չեն հետագա բանակցությունների համար։
Հատկանշական է, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր Բուդապեշտում կայանալիք ԱՄՆ-ՌԴ բարձր մակարդակի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը՝ նվիրված Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին:
Ռուսաստանի առաջնորդի հետ վերջին հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ իր և Պուտինի մասնակցությամբ գագաթնաժողովը երկկողմ է լինելու, բայց կապի մեջ են լինելու նաև Վլադիմիր Զելենսկու հետ:
Թե որն է նախնական համաձայնության չեղարկման պատճառը՝ հստակ չէ: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում են, որ դա կապված է Կրեմլի՝ Ուկրաինային ներկայացված պահանջների, այդ՝ թվում տարածքային նախապայմանների հետ: