Քաղաքականություն
21.10.2025 | 21:30
Ռուսական «Ռուսսնեֆտ» ընկերությունը նավթի առաջին խմբաքանակն է մատակարարել Վրաստանի Կուլևի քաղաքում գտնվող նորակառույց նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նավերի հետևման ծառայության տվյալներին և արդյունաբերական աղբյուրներին, գրում է The Insider-ը։
Գործակալության տվյալներով՝ մատակարարումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Kayseri լցանավը Նովոռոսիյսկից Կուլևիի նավթային տերմինալ է մատակարարել մոտ 105,000 տոննա նավթ։
Կուլևիի նավթավերամշակման գործարանը սկսել է աշխատել հոկտեմբերին։ Այժմյան վերամշակման հզորությունը տարեկան կազմում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթ։ Reuters-ի փոխանցմամբ՝ մինչև 2028 թվականի սկիզբը գործարանը նախատեսում է իր հզորությունը հասցնել 4 միլիոն տոննայի։
Արևմտյան պատժամիջոցների սահմանման արդյունքում Ռուսաստանը ձգտում է փոխարինել նախկինում հայտնի նավթի մատակարարման ուղիները՝ բացելով նոր շուկաներ: Ռուսաստանը և Վրաստանը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրոք Թբիլիսին զգալիորեն խորացրել է տնտեսական կապերը Մոսկվայի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի