Տենոր Վիտորիո Գրիգոլոն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում հոկտեմբերի 21-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նրան ուղեկցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դերիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը կմեկնարկի ժամը 19: 00-ին, հայտնել են Ֆիլհարմոնիկից:
Ելույթի նախաձեռնողը բժիշկ Վահան Վարդապետյանն է: Համերգն ընդգրկված է նվագախմբի հոբելյանական, 100-րդ համերգաշրջանի և Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրում:
Երևանում կայացած մամուլի ասուլիսում Գրիգոլոն պատմել է Հայաստանի հետ անձնական կապի մասին. «Հայաստանն իմ սրտին մոտ է, դուք չեք էլ պատկերացնում, այն իմ մարմնի մի մասն է, – ասել է նա, – «Չեմ ուզում ամեն ինչ բացահայտել, բայց ինչ-որ առումով Հայաստանն իմ մեջ է»:
Դրանից հետո երգիչը ցույց է տվել ձեռքի հայերեն դաջվածքը, որի վրա գրված է. «Ես առաջին անգամ տեսա սերը և հասկացա, որ դու միակն ես»:
Գրիգոլոն ընդգծել է իր հիացմունքը հայկական մշակույթի, դուդուկի հնչյունների և «Դլե Յաման» կոմպոզիցիայի հանդեպ՝ նշելով, որ երաժշտությունը համարում է ժողովրդի պատմությունն ու հոգին հասկանալու բանալին:
Երևանում երգիչը կներկայացնի դասական և հանրահայտ ստեղծագործություններ՝ Volare, My Way, Arrivederci Roma, Caruso, The Show Must Go On, ինչպես նաև Կավարադոսսիի արիան Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայից։
Գրիգոլոն հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում՝ La Scala-ից մինչև Metropolitan Opera, համագործակցել է Լուչիանո Պավարոտիի և Սթինգի, ինչպես նաև օպերային երգիչներ Հասմիկ Պապյանի, Ջուլիանա Գրիգորյանի և Բարսեղ Թումանյանի հետ: Նրա ալբոմները Sony Classical լեյբլում, ներառյալ պլատինե սկավառակը West Side Story մյուզիքլով, ընդգրկվել են Համաշխարհային դասական չարթերում և առաջադրվել են Grammy մրցանակի։
Գրիգոլոյին անվանում են իտալացի մեծ տենորների՝ Պավարոտիի, Դոմինգոյի և Կարերասի ժառանգորդ։
