Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Նա պարզաբանել է, որ նախաձեռնության իրագործման ժամկետները հստակեցվել են՝ Պաշտպանության նախարարի և խորհրդարանի պատգամավորների հետ խորհրդակցություններից հետո։
«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ի ձմեռային զորակոչից», – ասել է Փաշինյանը:
Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին օրինագիծ էր առաջարկել, որով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։
Թե որն է այս որոշման փոփոխության պատճառը, Փաշինյանը չի հստակեցրել:
