Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի կբռնագանձվեն հետևյալ գույքերը՝

    1. Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող տարածքը.
    2. Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում գտնվող բնակելի տունը.
    3. Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող կիսակառույց բնակելի տունը.
    4. Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակելի տունը.
    5. Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում գտնվող բնակելի տունը.
    6. Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում գտնվող բնակելի տունը.
    7. Վաղարշապատ համայնքի Ա.Մանուկյան թաղամասում գտնվող կիսակառույց բնակելի տունը.
    8. Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում գտնվող հողամասը.
    9. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը.
    10. MAYBACH մակնիշի ավտոմեքենան.
    11. TOYOTA LC 200 4.0 մակնիշի ավտոմեքենան, GAZ 22 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24-02 մակնիշի ավտոմեքենան և MOSKVICH 407 մակնիշի ավտոմեքենան.
    12. Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը.
    13. Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը.
    14. Երկու բանկերում առկա շուրջ 9 հազար ԱՄՆ դոլարի ավանդը.
    15. Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը.
    16. Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը.
    17. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456% բաժնեմասը.
    18. Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի և 300 ԱՄՆ դոլարի ավանդները.
    19. 224 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս.
    20. 14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Հայցադիմումի մերժված մասով Գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք:

Գեներալը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարի 15-ին Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։ Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը, սակայն, մերժվել էր։

Գրիգորյանը մահացել է 2020 թվականին։

Leave a Comment