ՔՈՉԱՐԻ կուսակցության պաշտոնական արձագանքը
ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունը, ըստ որի՝
«Վարդանիկը օրինակ է, թե ինչ է լինում պետության և ժողովրդի դեմ դուրս եկածների հետ»,
կտրուկ հակասում է իրավական պետության սկզբունքներին և բացահայտում է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական մտածողության վտանգավոր էությունը։
Այդ ձևակերպմամբ փաստացի հաստատվում է, որ իշխող կուսակցությունը ինքն իրեն նույնացնում է պետության հետ, իսկ իրենց քաղաքական ընդդիմախոսներին դիտում է որպես պետության թշնամիներ։ Սա ոչ միայն քաղաքական անմեղսունակության, այլև՝ բռնապետական մտածողության ցուցիչ է, որտեղ իշխանությունը փորձում է սեփական շահը ներկայացնել որպես պետական շահ, իսկ քաղաքական տարբեր կարծիք ունեցողներին ներկայացնել որպես «պետության դեմ դուրս եկածներ»։
Նման հռետորաբանությունը ուղղակի սպառնալիք է քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության և ժողովրդավարական համակարգի նկատմամբ։
Երբ պատգամավորն իրեն թույլ է տալիս հրապարակային կերպով ասել, թե ինչ է լինում «պետության դեմ դուրս եկածների հետ», նա ոչ միայն ընդունում է իշխանական բռնաճնշումների քաղաքականությունը, այլև դրան տալիս է օրինականացման և վախի լեգիտիմ տեսք։
ՔՈՉԱՐԻ կուսակցությունը ընդգծում է․
Որևէ կուսակցություն, որևէ իշխանություն պետություն չէ։ Պետությունը պատկանում է ժողովրդին, և իշխանությունները ընդամենը ժամանակավոր կառավարման գործիք են։
Երբ իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ, դա արդեն համակարգային հիվանդության ախտանիշ է, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին։
Պետության անունից խոսել և սպառնալ սեփական քաղաքացիներին՝ դա իշխանական հուսահատության, ոչ թե ուժի նշան է։
Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ ՔՊ-ն պետության փոխարեն ստեղծել է իշխանական կուռք, որը փորձում է մերժել ցանկացած այլ կարծիք՝ վախի, խտրականության և բռնության մեթոդներով։
Նման քաղաքական վարքագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին միջազգային բոլոր նորմերին։
ՔՈՉԱՐԻ կուսակցությունը հիշեցնում է՝ իշխանությունները ժամանակավոր են, իսկ պետությունը՝ հավերժական։
Ոչ ոք իրավունք չունի իրեն նույնացնել պետության հետ կամ սեփական քաղաքական հակառակորդների դեմ օգտագործել պետական ռեսուրսները։
Քաղաքական պայքարում պետք է գործի զսպվածություն և օրինականություն, այլ ոչ թե վենդետայի տրամաբանություն։
Այդ պատճառով կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ ապօրինի հրամանների կատարումից և չդառնալ քաղաքական հաշվեհարդարի գործիք։
ՔՈՉԱՐԻ – Ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչություն