Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրա...

Մենք նախագծի շուրջ աշխատում ենք շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել, մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնականացվում են: Մենք ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին:

«Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը, այնպես որ, այո՛, առաջին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականը իրականացնելը, ես իրատեսական եմ համարում: Ուզում եմ հիշեցնել՝  առաջին փուլի համար նախատեսված է, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ը կլինի ակադեմիական քաղաքում, մենք կունենանք շուրջ 3,600 ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի քաղաքը սկսի գործել և մնացածն արդեն հետագա փուլերի ժամանակ կամբողջացվի»,-նշել է նա:

Հարցին՝ որքա՞ն է կազմում այդ մեգանախագծի համար նախատեսվող գումարը՝ նախնական հաշվարկով, նախարարը ձեռնպահ է մնացել նշել: 

«Այս փուլում մենք գտնվում ենք ֆինանսական և ներդրումային պլանի մշակման ընթացքում, աշխատում ենք հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ և առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ կունենանք ամբողջական թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը: Սա նշանակում է, որ մենք պլանավորում ենք այս մեծածավալ ծրագիրը ոչ միայն պետական բյուջեի միջոցներով իրականացնել, այլ ունենալ նաև ներդրումային համապատասխան միջավայր և տարբեր բաղադրիչներով ներգրավենք գործընկերների»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նա հավելել է, որ ծրագրին արդեն իսկ շատ մեծ հետաքրքրություն կա և առաջիկայում կունենան առանձին ներդրումային աշխատաժողովներ, որտեղ կներգրավվեն մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ծրագրի հետագա ֆինանսավորումը ապահովելու համար։

Leave a Comment