Իսրայելի բանակը Գազային ավիահարվածներից հետո հայտարարել է հրադադարի ռեժիմին վերադառնալու մասին

Քաղաքականություն

20.10.2025 | 13:16

Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերադարձել է հրադադարի ռեժիմին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Քաղաքական ղեկավարության հրամանով և ՀԱՄԱՍ-ի կողմից խախտումներին ի պատասխան մի շարք ծանր հարվածներից հետո՝ Իսրայելի պաշտպանության ուժերը վերադարձել են հրադադարին»,- ասվում է Իսրայելի բանակի տարածած հայտարարությունում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը վտանգի տակ էր հայտնվել։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան Իսրայելի բանակը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը մեղադրել էր հրադադարը խախտելու մեջ, որի արդյունքում զոհվել էին իսրայելցի երկու զինվորներ։ Ի պատասխան՝ Իսրայելը հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ-ի տասնյակ թիրախների ամբողջ Գազայի հատվածում և դադարեցրել մարդասիրական օգնության մատակարարումը Գազային։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է «առավելագույն ուժ կիրառել Գազայի հատվածում ահաբեկչական թիրախների դեմ»։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլզգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ը «ծանր գին կվճարի» «իսրայելցի զինվորների վրա արձակված յուրաքանչյուր կրակոցի» և «հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքի» համար։

ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Գազայի հատվածի չորս հիվանդանոցներ AFP-ին հայտնել են նույնքան զոհերի մասին։

Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 13-ին։ Իսրայելը դադարեցրել էր գործողությունները, ՀԱՄԱՍ-նը ազատ էր արձակել բոլոր ողջ մնացած պատանդներին՝ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման փոխարեն, և սկսել հանձնել զոհված պատանդների մարմինները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment