«Այս գործողությունների տակ մի քանի դրդապատճառներ կան, որոնք նախընտրական տրամաբանության մեջ են: Ընտրություններից առաջ փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, որոնք որևէ ազդեցություն ունեն, լինի համայնքում կամ հոգևոր դասի ներկայացուցիչներ, որոնք որևէ ազդեցություն կարող են ունենալ իրենց խոսքով, իրենց գործունեությամբ, բնականաբար, այդ բոլոր մարդկանց ինքը փորձում է մեկուսացնել»,- այս մասին, անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հատկապես վերջին օրերին տեղի ունեցողը կարող ենք նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդար: Ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում 2 համայնքում հաղթել է ոչ իշխանական ներկայացուցիչ՝ մեկը Փարաքարում է եղել, մյուսը՝ Գյումրիում։ Փարաքարի համայնքապետը սպանվել է, որի ամբողջական բացահայտումը մինչև հիմա տեղի չի ունեցել, մյուս կողմից էլ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ձերբակալվել է: Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի: Եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային-քաղաքական կյանքից, և հիմա դրա գործընթացն է տեղի ունենում»,- ասաց Գրիգորյանը: