Գյումրիիի քաղաքապետարանում իրավապահ մարմինների գործողությունների ֆոնին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, նախազգուշացնելով, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։ «Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։ Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և ևս յոթ անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել Վարդան Ղուկասյանի զրույցից։