82-ամյա Վահան Մելիքյանը դեռ դպրոցական տարիներից է ընտրել թիավարությունը և մինչ այսօր հավատարիմ է մնացել այդ սպորտաձևին։ Հիշում է, որ իր պատանեկության տարիներին պարապում էին միայն Վարդավառի լճում, իսկ հետո արդեն ստեղծվեց Երևանյան լիճը։
ԽՍՀՄ չեմպիոնի սաները հաջողություններ են գրանցել Հայաստանի առաջնություններում, իսկ այսօր Բայդարկա և կանոե թիավարության մանկապատանեկան դպրոցի մարզիչը երեխաներին մարզում է Ապագա գյուղի հարևան լճակներում։
«Հիմա ինձ մոտ մեկ մակույկի վրա հինգ-վեց երեխա է մարզվում․ դա քիչ է՝ լավ արդյունք ունենալու համար»,– ասում է նա։
Այսօր մեր երկրում գործում են թիավարության երկու մանկապատանեկան դպրոցներ։ Անծով Հայաստանում այս սպորտաձևը ընտրողները քիչ չեն։ Պայմանները, սակայն, բարելավման կարիք ունեն։ Մարզիչը առաջարկում է Վրաստանից ավելի մատչելի գնով մակույկներ ձեռք բերել, իսկ մեկ այլ տարբերակ է եվրոպական երկրների պրոֆեսիոնալ ակումբներից արդեն օգտագործված մակույկներ ձեռք բերելը։ Տարիքը Վահան Մելիքյանը գրեթե չի զգում․ ասում է, որ թիավարությունն առանձնահատուկ սպորտաձև է՝ կարելի է սկսել հասուն տարիքում և շարունակել մինչև վերջ՝ մասնակցելով մրցումների։
«Սա երկարակյաց սպորտաձև է․ փորձն ու հմտությունները շատ կարևոր են հաջողության հասնելու համար»,– համոզված է նա։
Վահանը արթնանում է լուսաբացին, ամեն օր մարզվում է, անում տիբեթյան վարժություններ և իրեն դեռ չի համարում երկարակյաց։ «Ութսունն ինչ երկարակյաց է․ հասնես հարյուր, նոր համարվես երկարակյաց»,– ժպտալով եզրափակում է Մելիքյանը։