Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Իսկ պրոռեկտորի նկատմամբ կիրառվել է ազատությունից չզրկելու հետ կապված այլընտրանքային խափանման միջոց:
Հիշեցնենք, որ երեկ՝ 2025թ. հոկտեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետք»-ին տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև համալսարանի այլ աշխատակիցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter