ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ, ուղարկվել են իրականությանը չհամապատասխանող մի շարք հաղորդագրություններ, հայտնում է տեսչական մարմինը:
«Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
ՍԱՏՄ-ն հորդորում է Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել, այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:
«Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մարտին ՆԳՆ ոստիկանության անունից էլեկտրոնային փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ էին տարածվում։ Գերատեսչությունը հորդորել էր անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:
