Միրզոյանը գործնականում խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում․ Բադալյան

Ես այս մասին խոսել եմ քանիցս, որ Բաքուն չի եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահառու: Այդ կետի չկատարման առանցքային շահառուները եղել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան, բացի, իհարկե,  Արեւմուտքից:

Իսկ ինչպե՞ս պետք էր տորպեդահարել այդ կետը: Այո, մի կողմից նպաստել Հայաստանում քարոզչական լայն ալիքին, որն այդ կետը ներկայացնում էր որպես «միջանցք», այդպիսով ըստ էության Փաշինյանին  ստիպելով կա՛մ հեռանալ այդ կետից, կա՛մ օգնելով հեռանալ: Իսկ մյուս կողմից էլ դնել այնպիսի պահանջներ, որոնք, այսպես ասած, կլինեին անընդունելի: Հնարավոր երկաթուղու կամ ճանապարհի երկայնքով ռուսական ներկայության մասին ադրբեջանական պնդումը հենց այդ շարքից է:

Հարց կառաջանա, իսկ ռուսնե՞րը: Ի՞նչ ռուսները: Եթե, օրինակ, Ադրբեջանն ասում է, թե՝ ոչ, ես չեմ վստահում Հայաստանին եւ իմ երաշխիքը ռուսական ներկայությունն է, ի՞նչ պետք է անեին ռուսները, Բաքվին համոզեին, որ հրաժարվի՞ այդ մոտեցումից: Իհարկե ոչ, որովհետեւ ռուսները ուկրաինական ուղղությամբ լիցքավորվող զարգացումների հարցում ունեին Բաքվի հետ դեռեւս անելիք իրենց առեւտուրը, որ ամբողջացրին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրով՝ Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ:

Հետեւաբար, ռուսներն ավելի շատ մտածելու էին իրենց համար այդ մեծ խնդրի, քան նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փրկելու մասին: Այդ կետը մեզ էր պետք փրկել՝ Արցախը պահելու համար, կամ Արցախը պահելու իրատեսական հնարավորությունները պահպանելու համար:

Մինչդեռ մենք չենք «փրկել» 9-րդ կետը, որը, կրկնում եմ, բացարձակապես արտատարածքային միջանցքի մասին չէր: 9-րդ կետը ոչ միայն որեւէ առումով պակաս չէր, այսպես կոչված, Թրամփի ուղղու տրամաբանությունից, այլ ինչ- որ առումով նաեւ ավելի բարենպաստ էր առնվազն ձեւակերպումների իմաստով: Թե ինչով, կներկայացնեմ հաջորդիվ»:

 

Leave a Comment