Իշխանության կողմից բիրտ ուժի ցուցադրությունը նախընտրական ժամանակաշրջանում սեփական էլեկտորատին հասցեագրված մանիպուլյատիվ ազդակներով պողպատե մանդատի` մուրճի «զորության» ցուցադրություն է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» շարժման անդամ, ՄԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն իրականում այսպիսի վարքագիծը խոսում է այս իշխանության խոցելիության ու ներքին վախերի մասին։ Որովհետև ուժի և վախի մթնոլորտի միջոցով հասարակության վերահսկողությունը քաղաքական լեգիտիմության ձև չէ, այլ դրա բացակայության ամենավառ ապացույց։
Այս վարքագիծը, երբ իշխանությունն այլևս ոչ մի սահմանափակում չունի, որևէ եղկելի մեթոդ չի բացառում և ոչնչի առջև կանգ չի առնում, վկայում է սանձարձակության այնպիսի աստիճանի մասին, որն այլևս դուրս է նույնիսկ ավտորիտար քաղաքականության սովորական տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, հասարակությանը մշտապես վախի ու անորոշության մթնոլորտում պահելու այս քաղաքականությունը խաղաղության մասին հռետորաբանությամբ զուգորդելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմի դրսևորման ամենաբարձր մակարդակ։