Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն այսօր ընդունած մի շարք բանաձևերով Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը: Այդ մասին հայտնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ նշելով, որ այդ բանաձևերում տեղ են գտել ՀՅԴ-ի ներկայացրած դրույթներ։
Կուսակցությունը Ադրբեջանին նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել արցախահայության վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝ ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը։
Կոնգրեսի՝ «Խաղաղության, բարօրության և ներառականության խթանումը Եվրոպայում և նրա հարևան տարածաշրջաններում» բանաձևում, ԵՍԿ-ն նշել է. «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողության ներքո և պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմությանը։ Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարևորությունը, ներառյալ՝ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը»։
Կոնգրեսը ԵՍԿ-ի բարձրագույն ժողովն է, որտեղ քննարկվում է համաեվրոպական այս խոշոր կուսակցության նախընթաց գործունեությունը, որոշվում ռազմավարական և ծրագրային քաղաքական առաջնահերթությունները, ընտրվում է կուսակցության նոր գործադիր մարմին։
ԵՍԿ-ին իբրև լիիրավ անդամ անդամակցում են եվրոպական 33 կուսակցություններ, իբրև ասոցացված՝ 13, իսկ դիտորդ անդամների թիվը 15-ն է։ Դաշնակցությունը հարավկովկասյան տարածաշրջանում անդամակցող միակ քաղաքական ուժն է։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝
«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը
