Երկու հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ

Հասարակություն

17.10.2025 | 17:17

ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Մի շարք լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է մի ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց է ընթանում 2 հոգևորականների միջև։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։

Հոգևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։

Մայր Աթոռից արձագանքել են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, սակայն հայտարարությունը չի անդրադառնում ձայնագրության բովանդակությանը։

«Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- մասնավորապես ավսած է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment