Մայր Աթոռից արձագանքել են հոգևորականներին վերագրվող ձայնագրություններին

Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ, հայտարարել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում՝ վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, «արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում»։

«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, «որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համացանցում տարածվել է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հոգևորականների միջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ ենթադրյալ զրույցի ձայնագրություն։ Ըստ իշխանական Civic.am կայքի՝ ձայնագրության մեջ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի միջև զրույցն է։ Armenia Today-ի խմբագրությունը նշում է, որ չունի ձայնագրության իսկության հաստատումը։

Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքը սկսվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու»  հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

Leave a Comment