Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 16-ի երեկոյան ժամանել է Վաշինգթոն։ Զելենսկին Telegram-ի իր ալիքում գրել է, որ առաջիկա ժամերին մտադիր է հանդիպել ամերիկյան պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների լրացուցիչ մատակարարումները: Դրանից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպում կունենա նաև ամերիկյան էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Զելենսկին հոկտեմբերի 17-ին` Երևանի ժամանակով երեկոյան ժամը 21։00-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումը։ «Հուսով ենք, որ ահաբեկչության և պատերազմի զսպման խթանը, որն արդյունավետ է եղել Մերձավոր Արևելքում, կօգնի ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը»,- գրել Է Ուկրաինայի նախագահը՝ նկատի ունենալով Թրամփի մասնակցությամբ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը Գազայի հատվածում ։