Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք երկու ամիս ժամկետով։
Փաստաբանը նշել է, որ որոշումը բողոքարկելու են։ «Որոշակի առումով սփոփիչ է, որ դատավոր Մանվել Շահվերդյանն իր մեջ ուժ գտավ դիմակայելու ճնշումներին և գոնե իրավանաբանության մեջ չտեղավորվող, բայց ողջամտության սահմաններում խափանման միջոց ընտրել և կնոջը հանիրավի չուղարկել Աբովյանի ՔԿՀ»,- ասել է Ֆարմանյանը։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել, նրան երկու ամսով կալանավորել են։ Դատարանը մեկ ամսով կալանավորել էր նաև Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին։
Կարդացեք նաև՝
