ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենին Վրաստանում տուգանել են ճանապարհի «անօրինական փակման» համար, հաղորդում է Ekhokavkaza-ն:
Վալտոնենին տուգանել են մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար, տուգանքի չափը կազմել է 5000 լարի՝ մոտ 1600 եվրո։
Էլինա Վալտոնենը Վրաստան էր ժամանել հոկտեմբերի 14-ին՝ տարածաշրջանային շրջագայության շրջանակում։ Նույն օրը նա նախ հանդիպել էր Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ՝ արտահայտելով իր մտահոգությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական ընդդիմախոսների և ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ, ապա այցելել էր Թբիլիսիում անցկացվող հանրահավաք և զրուցել բողոքի մասնակիցների հետ։
Վրաստանի 64 շրջաններում, այդ թվում՝ 5 քաղաքներում, հոկտեմբերի 4-ին տեղի էին ունեցել քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլոյի անդամների ընտրություններ, որոնց հաջորդել էին ցույցեր: Դրանք վերածվել էին բախումների ոստիկանության հետ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Օրբելիանիի նախագահական նստավայրի բախումների հետևանքով հոսպիտալացվել էին 21 ոստիկան և 6 ցուցարար։
