Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խորը վրդովմունքով ու անհանգստությամբ է հետևում վերջին զարգացումներին, երբ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել աննախադեպ գործողությունների՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու ծառայողների դեմ, ասվում է խորհրդի հայտարարությունում։
«Հոգևորականները փաստացի դարձել են քաղաքական հետապնդման թիրախ միայն այն բանի համար, որ 2021 թվականի ընդդիմության բողոքի ակցիաների ընթացքում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը՝ արտահայտելով ցավն ու բողոքը հայրենի երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ խորհրդի՝ հատկանշական է, որ վերոնշյալ խուզարկություններն ու կալանավորումները կատարելու համար որևէ իրական իրավական հիմք չի ներկայացվել. իշխանությունները հենվել են ընդամենը մեկ հոգևորականի՝ Տեր Արամ քահանա Ասատրյանի հեռուստատեսային հայտարարության վրա, ըստ որի իբր Արագածոտնի թեմից «հրահանգ» է տրվել հոգևորականներին մասնակցելու ընդդիմության 2021 թվականի հավաքներին։
«Այս բացարձակ անհասկանալի և կասկածելի պնդման հիման վրա հարուցված քրեական գործով իրավապահները լայնածավալ արշավ են սկսել եկեղեցու դեմ։ Նրանց գործողություններն ուղեկցվել են կոպիտ ոտնձգություններով: Ակնհայտ է, որ իշխանությունները ամեն կերպ ջանում են քրեականացնող փաստեր «հնարել» մեր եկեղեցու ծառայողների վրա՝ չեն վարանել անգամ սրբապղծաբար խուզարկել եկեղեցու սրբավայրերն ու գույքը»,- նշում է խորհուրդը։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն ահազանգում է, որ Հայաստանի իշխանությունների գործողություններն ունեն բռնապետական երանգ և խստորեն դատապարտելի են։
«Իշխանությունների ցուցումով տեղի ունեցողը մեր աչքի առաջ վերստին հիշեցնում է ստալինյան 1937 թվականի բռնաճնշումները՝ երբ քողարկված դիմակներով անվտանգության գործակալները ներխուժում են Աստծո տուն՝ զենքերը ձեռքին։ Նման գործելաոճը սրբապղծություն է և ազգային խայտառակություն, որը չունի որևէ արդարացում։ Եկեղեցու վրա հարձակվելը հարված է մեր ինքնության հիմքերին՝ սա պատահականություն չէ, այլ մտածված ոտնձգություն մեր ժողովրդի հոգևոր հենասյուների դեմ»,- նշվում է հաղորդագրությունում։
Ըստ խորհրդի՝ իշխանությունները փորձում են խափանել եկեղեցու բնականոն գործունեությունը, արատավորել նրա հեղինակությունը և վախի ու տագնապի մթնոլորտ սերմանել հոգևորականների, հավատացյալների ու հասարակության լայն շրջանակներում, բացահայտ վիրավորում են միլիոնավոր հավատացյալների կրոնական զգացմունքները և շարունակում են տարածել ատելության խոսքով թունավորված մթնոլորտ՝ է;լ ավելի խորացնելով հասարակության բևեռացումն ու պառակտումը։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնում եկեղեցական դասին և իշխանություններից պահանջում է ձեռնարկել անհապաղ քայլեր՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Ակնթարթորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հոգևորականներին, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանին և նրա հետ կալանավորված եկեղեցական անձնակազմին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ հարուցված շինծու քրեական հետապնդումը։ Դադարեցնել պետական մարմինների կողմից վարվող հակասահմանադրական և հակաեկեղեցական գործողությունները եկեղեցու հանդեպ, կանգնեցնել քրեական գործերի չարաշահմամբ եկեղեցու հեղինակությունն արատավորելու և նրա ծառայողներին վախեցնելու փորձերը։
Հարգել և պաշտպանել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված խղճի և հավատքի ազատությունը, դադարեցնել որևէ ձևով միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին և ապահովել հոգևորականների իրավական անձեռնմխելիությունը՝ ըստ միջազգային չափանիշների և Հայաստանի սահմանադրական կարգի։ Պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին ու ուժային կառույցների աշխատակիցներին, ովքեր ներգրավված են եղել եկեղեցական կառույցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումների և իրավունքների խախտումների մեջ։ Պահանջում է անմիջապես ծառայողական քննություն և արդարադատություն՝ մեղավորներին պաշտոններից հեռացնելու և օրենքի ողջ խստությամբ պատժելու համար, որպեսզի նման չարաշահումները չկրկնվեն։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը նաև կոչ է անում եկեղեցու բոլոր հավատավոր զավակներին, Հայաստանում և Սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպան միջազգային կառույցներին՝ միաձայն բարձրաձայնել տեղի ունեցած անարդարությունների դեմ։
«Մեր ձայնը պետք է հնչի մինչև ամենաբարձր ատյաններ, որպեսզի աշխարհը ճանաչի՝ Հայաստանում կրոնական ազատության իրավունքը կոպտորեն ոտնահարված է իշխանությունների կողմից, և այդ իրավիճակը հանդուրժելի չէ։ Մենք չենք վախենում պայքարելու արդարության համար, և հավաստիացնում ենք, որ Հայ եկեղեցու ու նրա հավատքի պաշտպանությունը մնալու է մեր ազգային կյանքի գերակա հարցը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Ավելի ուշ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Քրվարույթը հարուցվել էր Տեր Արամի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։
