Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Միացյալ Նահանգների հետ «Թրամփի ուղի» նախագծի շուրջ ընթացող աշխատանքների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Թրամփի ուղի» նախագծի շուրջ գործընթացը գտնվում է բովանդակային մշակման փուլում։
«Հիմա մենք աշխատում ենք նախագծի բովանդակության գեներացման վրա։ Սեղանին դրված են տարբեր բաղադրիչներ, որոնք պետք է ամբողջացվեն մեկ փաստաթղթում։ Սա նորմալ աշխատանքային ընթացք է ցանկացած մեծ նախագծի համար»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում հաճախ շինարարական կամ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մասին ընկալումները սխալ են. թվում է, թե հայտարարությունից հետո շինարարությունը պետք է անմիջապես սկսվի։
«Մեզ հաճախ թվում է, թե երբ ասում ենք «Թրամփի ուղի», հաջորդ օրը բոլորը պիտի նստեն էքսկավատորներ ու սկսեն շինարարությունը։ Բայց ցանկացած ծրագիր սկսվում է մանրամասն նախագծումից, հաշվարկներից և փաստաթղթերի պատրաստումից»,-ընդգծեց նա։
Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ «Թրամփի ուղի» նախաձեռնության հիմքում Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում ամրագրված սկզբունքներն են՝տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն։
«Ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այդ հռչակագրում ամրագրված սահմաններից։ Երկու կողմերն էլ արձանագրել են, որ պետք է աշխատել հնարավորինս արագ»,-նշեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ գործընթացի դինամիկան որոշ չափով պայմանավորված է միջազգային իրադարձություններով։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մենք պայմանավորվեցինք Միացյալ Նահանգների հետ։ Այնուհետև սկսվեցին Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ լարված զարգացումները, որտեղ նախագահ Թրամփն ու նրա վարչակազմը անմիջականորեն ներգրավված են։ Նույն մարդիկ, նույն թիմերն են աշխատում նաև այս նախագծի ուղղությամբ։ Այդ իրողությունները որոշակիորեն ազդում են գործընթացի արագության վրա»,-ասաց նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։