Սպիտակի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը շահագործման է հանձնվել


Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական  հենակետը` վերանորոգված ու վերազինված, հոկտեմբերի 10-ին շահագործման է հանձնվել. 2021 թվականին հիմնադրված հենակետը վերանորոգվել է Volfire  ծրագիրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր Խաչի ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


Մեծ Պառնիում տեղակայված կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ավստրիական Կարմիր Խաչի, Ավստրիական զարգացման գործակալության, Հայկական Կարմիր Խաչի, մարզային և համայնքային իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ։



Հենակետի  վերազինման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել  ՆԳՆ փրկարար ծառայությունը ՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել  է կամավորների վերապատրաստում և որակավորման քննություններ։ Աջակցություն են ցուցաբերել նաև Լոռու մարզապետարանը, Սպիտակի համայնքապետարանն ու  Հայկական Կարմիր Խաչը։


Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը  շնորհակալություն հայտնելով կամավորներին և հենակետի վերնորոգման, վերազինման գործում իրենց ներդրումն ունեցող կառույցների ներկայացուցիչներին՝ ընդգծել է կամավորական մշակույթի զարգացման ուղղությամբ գործնական քայլերը։


Ավստրիական Կարմիր Խաչի ծրագրի ղեկավար Թիերի Ժերարը շնորհավորելով  հենակետի կամավորներին՝ նշել է, որ ավստրիական ընկերությունն այս կերպ  աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքին։



ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները որակավորված կամավորներին հանձնել են կրծքանշաններ: 

Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանքի միջոցով ցուցադրել են ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական հմտությունները։


Համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական  ինստիտուտի ներդրումը բնակչության անվտանգության ապահովման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համատեքստում կարևոր քայլ է։

Դիտումների քանակ3

Leave a Comment