Գեղարքունիքը՝ միջազգային գյուղատնտեսական համագործակցության նոր հորիզոնում


Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Օվեռն-Ռոն-Ալպեր (Auvergne-Rhône-Alpes) տարածաշրջանի և Իզերի (Isère) Գյուղատնտեսական պալատի փորձագետներին՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:


 


Ֆրանսիացի գյուղատնտեսության ոլորտի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը վեցօրյա աշխատանքային այցով մարզ են ժամանել՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները և կիսվելու իրենց փորձով։


 


Հանդիպման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը։


 


Քննարկումների ընթացքում կողմերը նախանշեցին հնարավոր կոնկրետ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված մարզում գյուղատնտեսության կայուն և ժամանակակից զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ֆերմերների ներուժի բացահայտմանն ու նրանց մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆերմերային կրթության նոր ձևաչափերի ներդրմանը։


 


Առաջիկա օրերին ֆրանսիացի մասնագետները կհանդիպեն Գեղարքունիքի տարբեր համայնքների ֆերմերների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում գնահատելու կարիքները և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Նրանք նաև կիրականացնեն վերապատրաստումներ՝ համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։


 


Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շարունակաբար աշխատում է՝ խթանելու մարզի գյուղատնտեսական ներուժը, զարգացնելու համատեղ նախաձեռնություններ և ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կբերեն ժամանակակից, արդյունավետ ու կայուն գյուղատնտեսության ձևավորմանը։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment