Ինչպես 30 միլիոնանոց քաղաքից փախչել 9-բալանոց երկրաշարժի ժամանակ. դիվանագիտություն՝ շչակների ներքո․ «Դիվանագիտական գործ»

Արսեն Առաքելյանը Հայաստանի Հանրապետության դեսպանն է Քուվեյթում։  Քուվեյթն առիթ է ինչպես արևելքի մասին մասնագիտական գիտելիքները հարստացնելու, այնպես էլ Հայաստանի շահերն այնտեղ ներկայացնելու համար։

Արևելագետ դեսպանի հետ զրուցել ենք հաղթահարած պատերազմների, ցունամիների ատոմային ճգնաժամերի և համեմատաբար հանգիստ ներկայի մասին։ Մեր հյուրի հետ խոսել ենք առցանց, այդ պատճառով գուցե ձայնի որակը սովորականի պես բարձր չլինի, բացի դրանից հյուրին մոռացել եմ նաև մի շատ կարևոր հարց տալ իր՝ սաքսոՖոն կոչվող հոբիի մասին։ Բայց առջևում ոչ պակաս հետաքրքիր հարցազրույց է ստացվել։

***

2003 թվականի մի պայծառ օր դեռևս «ԱՐՄԵՆՊՐԵՍ» տեղեկատվական գործակալության թղթակից  Արսեն Առաքելյանն ուղեկցում էր ՀՀ արտգործախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանած մամուլի ներկայացուցիչներին։ Լրագրողական գործից դիվանագիտական գործ անցումը տեղի ունեցավ, ինչպես ինքն է ասում, շատ սահուն։

-Մեկը մյուսի հետ գրեթե առնչվող բաներ չէին։ Իհարկե, երբ որ ես մուտք գործեցի նախարարություն, իմ լրագրողական ձիրքը, որը ես ձեռք էի բերել և ամեն ինչի մասին գրելու այդ ցանկությունը, միանգամից հղկվեցին։ Ասացի՝ եղբա՛յր, իջի՛ր և կոնկրետ բաներ գրիր։

Արտգործնախարարությունում աշխատանքը սկսվեց ավագ գործընկերների հստակ ուղղորդումներով՝ ի՞նչ է պետք անել, երբ դու լրագրող ես, ի՞նչ պետք չէ անել, երբ դու դիվանագետ ես։

-Մի բան է, երբ որ դու գրում ես, բայց կարող ես միշտ հղում կատարել, որ դա քո կարծիքն է, մեկ այլ բան է երբ, որ դու մի բան գրում ես, և դու քո կարծիքի վրա հղում կատարելու իրավունք չունես, դու պարտավոր ես քո կարծիքը համադրել պետության կարծիքի հետ։

-Իսկ ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ։

-Լավ հարց է։ Անկեղծ ասած, նայած, թե ինչի համար է դա պետք, եթե դու զգում ես, որ քո կարծիքը հաշվի չի առնվում և կարիք կա, որպեսզի այն, ինչ որ դու ես պատկերացնում, դառնա նաև քո պետության գործելաոճը, դու ստիպված փորձում ես ավելացնել քո սեփական ներգործությունը պետության ընդհանուր որոշման կայացման մեխանիզմների վրա, որպեսզի հետագայում կարողանաս նաև սեփական կարծիքդ, սեփական պատկերացումներն ավելի լավ ծառայեցնել պետությանը։

***

Դիվանագիտական քարտեզը Լիբանանով, Ճապոնիայով, Ավստրիայով և Քուվեյթով գծած Արսեն Առաքելյանը նշում է, որ այս աշխարհագրությունը նաև դիվանագետի խառնվածքի արտացոլանք է։

-Գուցե ինքնաքննադատական հնչի, բայց կարող եմ ասել, որ որոշ չափով արկածախնդիր եմ՝ լավ իմաստով։ Այսինքն՝ ես չեմ վախենում նոր փորձություններից, չեմ վախենում նոր մարտահրավերներից։

Նոր փորձություններն էլ իրենց հերթին չեն շրջանցել դիվանագետին՝ շարունակական  պատերազմների, ցունամիների ու ատոմային ճգնաժամերի տեսքով։

Լիբանանում մի քանի պատերազմների միջով անցա՝ 2006, 2007, 2008 թվերին բավականին ծանր վիճակ էր, չնայած Լիբանանում վերջին շրջանում էլ էր բավականին ծանր վիճակ, և իմ գործընկերները նույնպես այդ փորձությունների միջով պատվով անցել են։ Հետագայում, երբ որ ես արդեն գործուղվեցի Ճապոնիա, այնտեղ ևս փորձությունների մեջ ընկա՝ ցունամի, երկրաշարժ, ատոմային ճգնաժամ։ Դրանց միջով էլ անցանք։

Անցնցում դիվանագիտությամբ զբաղվելու հնարավորություն Արսեն Առաքելյանին տվել են Ավստրիան, հետո՝ Մոսկվան, իսկ հիմա՝ Քուվեյթը։

-Իսկ Ձեր այդ արկածախնդիր բնավորությանն ամենաշատը ո՞ր երկիրն էր համապատասխանում։

Ճապոնիան,

-Ինչո՞ւ։

-Ես աշխարհի բոլոր վայրերը և սովորույթները համեմատում եմ Ճապոնիայի հետ։ Այն կարծես թե  չափանիշ է, թե ինչպիսին պետք է լինի հասարակությունը, ինչպիսին պետք է լինի երկիրը, ինչպես պետք է հասարակությունը սիրի իր հայրենիքը, ինչպես պետք է իրենք, լինելով տարբեր, լինեն համախմբված, դա կարևոր բան է, դրա համար Ճապոնիայի պես փորձ ես որևէ այլ տեղ չեմ ունեցել։

***

Ինչպես արդեն գիտենք, Դիվանագիտությունը միշտ չէ, որ պաշտոնական ընդունելությւոնների, հանդիպումների ու ձեռքսեղմումների մասին է։ Երբեմն այն անցնում է տագնապային կանչերի, շչակների ձայնի և տարհանումների ուղեկցմամբ, ինչպես դա եղել է Արսեն Առաքելյանի դեպքում։ Հարցնում եմ՝ ինչպես կողմնորոշվել ոչ դիվանագիտական ճգնաժամերում։

-Ես հիշում եմ, որ ժամանակին բոլոր պետական մարմիններում անցնում էին պարտադիր ծրագիր՝  ի՞նչ պետք է անել պատերազմի ժամանակ։ Եվ պատկերացրեք, երբ որ 2020 թ․-ին՝ ընդամենը 5 տարի առաջ, սկսվեց պատերազմը, մենք հասկացանք, որ բոլոր վարժությունները, որոնք մինչ այդ արել ենք, որևէ բանի պետք չեն։ Ամբողջությամբ նոր գործելաոճ, ամբողջությամբ նոր պատկերացումներ, որևէ պրոտոկոլ նույնիսկ կարդալու ժամանակ չկար։ Շատ կարևոր բան է լավ աշխարհագրություն իմանալը, շատ լավ աշխարհագրություն, ընդ որում տոպոլոգիայի մակարդակով։ Դա կարող է կյանք փրկել։

Կյանքեր փրկել կարող է նաև արագ կողմնորոշվելու հմտությունը։  Սա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ 2011 թվականն է, դու Ճապոնիայում ես, իսկ տեղի ունեցածը 9-ը բալանոց երկրաշարժ։

-Ես հիշում եմ, որ Տոկիոյում այդ երկրաշարժը եղավ՝ ցունամին, խոսում էին, որ ևս մեկ ալիք է լինելու, պետք էր շատ արագ, պարզապես, դեսպանության անձնակազմը տարհանել քաղաքից դուրս, բայց դա շատ բարդ էր, որովհետև ամեն տեղ պարզապես կանգնած էր երթևեկությունը, և ես ուղղակի չեմ հիշում, ո՞նց կարելի էր 7-8 ժամվա ընթացքում քաղաքը լքել։ Այն էլ՝ 30 միլիոնանոց քաղաքը։

***

Իսկ այս ընթացքում դիվանագիտությունը ևս սերնդափոխության է ենթարկվել։ Արսեն Առաքելյանի գնահատմամբ՝ դրական սերնդափոխության։

-Ես պետք է, ըստ արժանվույն, գնահատեմ մեզնից հետո եկող սերունդների գիտական և, ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերությունների վերաբերյալ ունեցած շատ ավելի լավ պատկերացումները և գիտելիքները, քան մեր սերնդինը։ Այն, ինչ որ մենք ենք ձեռք բերել, եղել է ավելի շատ գործնական գիտելիքներ, իսկ իրենք արդեն այդ գործնական գիտելիքներից բացի, նաև տեսական գիտելիքներով զինված, եկել են դիվանագիտություն, և այսօր շատ մեծ  հաջողություններ են ունենում։

Այդ հաջողությունները պայմանավորվա՞ծ են արդյոք նրանով, որ երիտասարդ սերնդի դիվանագետների կայացրած որոշումներն ավելի հողին կպած են, թե՞ երազել նույնպես չի խանգարի։

-Մարդ պետք է երազ ունենա և այդ երազին հասնելու համար ամեն ինչ անի կյանքում։ Առանց երազ կյանք չի լինում։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է երազները կարողանաս համադրել պետության ընտրած կուրսի հետ։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը ընդհանուր առմամբ փոխվել է, ավելի իրատեսական է։

Դիվանագետների հետ զրույցը ինձ համար ևս մեկ առիթ է հետաքրքրվելու, թե նրանք ինչպիսի՞ Հայաստան են մատուցում արտասահմանցի գործընկերներին։

-Մենք Հայաստանը մատուցում ենք որպես հինավուրց քաղաքակրթություն, որը աշխարհի, մարդկության զարգացման համար բավականին մեծ ծառայություններ է մատուցել։ Այդ ծառայությունները միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավ քարոզել կամ, ինչպես երբեմն ասում են, փաթեթավորել և վաճառել, բայց դրանք կան, դրանք աշխատում են ի նպաստ մարդկությանը, ի նպաստ ընդհանուր քաղաքականության զարգացմանը։

***

Ժամանակակից աշխարհում մեզնից յուրաքնաչյուրը երբեմն ոգեշնչանքի կամ ոգևորողի կարիք ունի։ Հաճախ նաև մասնագիտական ոլորտում մենք փնտրում ենք մարդկանց, որոնք խելացիության, հաջողության բանաձևերի կրողներ են։ Ի վերջո՝ ի՞նչ պիտի անի խելացի դիվանգետը, երբ հանդիպում է իրենից խելացիին։

-Ցանկացած խելացի մարդ պետք է իրենից խելացի կամ իրենից ավելի շատ փորձ ունեցող մարդկանցից սովորի։ Թալեյրանի պես դիվանագետ ասում են չի եղել։ Բայց արդյո՞ք մարդ պետք է Թալեյրանի պես լինի։ Իր կերպարի հետ մեկտեղ՝ նա բավականին բացասական որակներ է ունեցել։ Համենայնդեպս, ոչ միայն դիվանագիտության ոլորտում, ես կարծում եմ, որ մարդ ամբողջ կյանքի ընթացքում սովորում է, սովորում է նաև փորձի վրա և ոչ պարտադիր սեփական փորձի վրա։

Իսկ որքանո՞վ է գրավիչ դիվանագիտության ոլորտում սեփական փորձ ունեցող հայրիկի մասնագիտական կյանքը զավակների համար։

-Օ՜յ, բարդ հարց է։ Ընդհանրապես, պետական ծառայությունից երեխաներս իսպառ հրաժարվեցին, ասացին, որ մենք չենք ուզում կյանքն ապրել այնպես, ինչպես որ դու ես ապրել։ Ի՞նչ նկատի ունեին՝ չգիտեմ, բայց երկուսն էլ պետական ծառայության անունը չեն ուզում լսել։ Ինչ վերաբերում է մյուս հարազատներիս, ամեն մեկը իր նպատակներն ու ցանկություններն ունի։ Ես միշտ եմ կյանքում խորհուրդներ տվել, շատ մարդիկ են գալիս տարբեր հարցերով՝ խորհուրդ կտա՞ք Արտաքին գործերի նախարարությունում աշխատել։ Ասել եմ՝ այո, իհարկե, խորհուրդ կտամ, բայց այն դեպքում, եթե դու պատրաստ ես այս, այս ու այս զրկանքներին։ Պետք է ասեմ, որ շատ քչերն են իմ խորհրդից հետո որոշում ընդունել միանալ նախարարությանը։

Leave a Comment