Մի շարք քահանաներ անհասկանալի պայմաններում բերման են ենթարկվել. պաշտպաններին թույլ չեն տալիս ներգրավվել

Մի շարք քահանաներ անհասկանալի պայմաններում բերման են ենթարկվել: Այժմ Արագածոտնի թեմի առաջնորդ Սրբազան Մկրտիչն, ըստ էության, բռնի անհետացել է, այսինքն՝ հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս՝ պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը և այժմ փորձում ենք պարզել դա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:

«Ասեմ, որ դա հանցանք է, երբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Հիմա այսքան ժամանակ է այստեղ ենք, խուզարկություն է իրականացվել և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել, նրա ուղեկցությամբ, որպեսզի, հավանաբար բերվի նախաքննական մարմին, բայց մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը»,-նշեց նա։

Հարցին՝ այս գործողությունների հիմքում ի՞նչն է, ըստ փաստաբանի, նա պատասխանեց՝  հավանաբար Տեր Արամի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, հաշվի առնելով, որ մասնավորապես Արագածոտնի թեմի քահանաներն են բերման ենթարկվում:

Մկրտիչ Սրբազանի պաշտպանական խմբի անդամները չեն կարողանում մտնել Երևանի քննչական վարչություն․ «Աննախադեպ իրավիճակ է։ Այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել, որ չկարողանանք անգամ փաստաբանների՝ գործի ներգրավման վերաբերյալ դիմում ներկայացնեք ընդունարան»,- ասում է Քննչականի դիմաց սպասող փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ նշելով, որ Մայր Աթոռից լիազորություն ունեն Քննչական տեղափոխված մյուս հոգևորականների շահերը ևս պաշտպանել․ «Սակայն տեղեկացանք, որ հոգևորականներն այս պահին վկայի կարգավիճակում են»,- հայտնում է Ֆարմանյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը պահանջում են տեղեկություն հայտնել Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին, որը թաքցնում են։ Նրանք որպես պաշտպաններ դեռ հնարավորություն չեն ունեցել ներգրավվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի:

 

Leave a Comment