Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել – ՓԱՍՏԻՆՖՈ

ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուրդ Ամալյանին։ Վարույթը հարուցվել է քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, իսկ բողոքը վերաբերում է դատավորի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարման ժամանակաշրջանին։ Մասնավորապես, «Դատալեքս» համակարգում առկա տեղեկության համաձայն՝ ամուսնալուծության գործերից մեկով դատավորը հուլիսի 13-ին որոշում է կայացրել՝ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և դրանից բաժնի առանձնացման պահանջների մասին հայցը թողել էր առանց քննության, իսկ դատական ակտը հրապարակվել է հոկտեմբերի 18-ին։ Այժմ սույն դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն, մինչ այն կհրապարակվեր «Դատալեքս» համակարգում՝ հոկտեմբերի 3-ին հայցվոր կողմը՝ կինը, հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ ՀՀ արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 7-ին հարուցել է կարգապահական վարույթը, ինչից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ նախագահի հրամանագրով՝ Ամալյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա՝ գործուղվել Երևանի դատարան՝ ավարտելու իր վարույթում գտնվող գործերը։

ՀՀ ԱՆ-ն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ամալյանին, որի քննությունը նախատեսված է 2025թ․ հունվարի 13-ին։ Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին և արդյո՞ք դա կապված է միայն դատական ակտը տրամադրելու ժամկետի հետ՝ պաշտոնապես պարզ կլինի գործի քննության ընթացքում։

Նշենք, որ շուրջ երկու տարի առաջ ԲԴԽ-ում քննվել է Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն՝ դատավարական ժամկետների խախտման վերաբերյալ, որով միջնորդությունը ԲԴԽ-ն մերժել է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment