Միացյալ Նահանգները, Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը ողջունել են Գազայի հատվածում կնքված խաղաղության համաձայնագիրը և խոստացել են համատեղ աշխատել դրա պահպանման համար։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հռչակագրի տեքստում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Մենք ողջունում ենք Գազայի հատվածում համապարփակ և երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև Իսրայելի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները տարածաշրջանի իր հարևանների հետ։ Մենք պարտավորվում ենք համատեղ աշխատել այս ժառանգությունը կյանքի կոչելու և պահպանելու համար՝ կառուցելով ինստիտուցիոնալ հիմքեր, որոնց վրա ապագա սերունդները կարող են բարգավաճել խաղաղության մեջ», – նշվում է փաստաթղթում։
Հռչակագրում նաև նշվում է տարածաշրջանում բոլորի համար հանդուրժողականության և հավասար հնարավորությունների նկատմամբ հանձնառությունը, որպեսզի Մերձավոր Արևելքը լինի մի վայր, որտեղ բոլորը կարող են իրականացնել իրենց ձգտումները խաղաղության, անվտանգության և տնտեսական բարգավաճման միջավայրում՝ անկախ ռասայից, կրոնից կամ էթնիկ պատկանելությունից։
«Մենք կիսում ենք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համատեղ բարգավաճման համապարփակ տեսլականը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համատեղ ճակատագրի սկզբունքների վրա», – նշվում է փաստաթղթում։ Կողմերը նաև ընդգծել են Մերձավոր Արևելքում ապագա տարաձայնությունները դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը։
«Մենք հանձնառու ենք ապագա վեճերը լուծել դիվանագիտական միջամտության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառման կամ երկարատև հակամարտության միջոցով: Մենք գիտակցում ենք, որ Մերձավոր Արևելքը չի կարող դիմանալ երկարատև պատերազմների, կասեցված բանակցությունների կամ ձեռք բերված համաձայնությունների մասնակի, թերի կամ ընտրովի իրականացման անվերջ ցիկլին», – ասվում է հռչակագրում։