«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «ԿարՓիս հարցեր»-ի
տաղավարում, պատասխանելով գործող իշխանության
հետ գործարքի գնալ-չգնալու մասին հարցին, բացառել է նման սցենարը՝ նշելով. «Միակ գործարքը, որ
տեսնում ենք, ազատ ընտրությունների անցկացումն է։ Միակ գործարքը, որի մասին ես բաց
ասում եմ, մենք պատրաստ ենք ստորագրել խարտիա ազատ ընտրությունների ու հետագայում նաև
ինստիտուցիոնալ ընտրությունների, որպեսզի միշտ ունենանք․․․ ազատ ընտրական ինստիտուտը միշտ պահպանվի, որպեսզի ոչ մեկին չձերբակալեն հանիրավի, որպեսզի ճնշում չգործադրվի․․․»։
Նարեկ Կարապետյանի առաջարկելիք «գործարքը» իշխանություններին,
նկատենք, բնավ օրիգինալ չէ, քանի որ ՀՀ-ում 2018-ից սկսած՝ արդեն 7 տարի, գործում են
ազատ, հետն էլ արդար, այն է՝ չկեղծված ընտրությունների
ավանդույթները։ Դրանք կգործեն նաև գալիք բոլոր
մակարդակի ընտրությունների ժամանակ, այդ թվում՝ 2026-ի, որին մասնակցելու հավակնություններ
ունի Կարապետյան ընտանիքը։ Ուրիշ բան, եթե
Նարեկ Կարապետյանը ընտրապայքարի մեջ մտներ այնպիսի իրավիճակում, երբ գործում էին նախկին
իշխանության՝ Սերժ Սարգսյանի կամ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի օրոք ձևավորված ընտրական
ավանդույթները, երբ ընտրությունների ազատությունը ընդամենը մեկ մարդու «խփելու» կարողությունից էր կախված։ Խոսքը
մասնավորապես Նարեկ Կարապետյանի հայրիկի՝ Կարեն Կարապետյանի կուսղեկի, նախկին «շեֆ»
Սերժ Սարգսյանի մասին է։ Հատուկ հիշեցնենք Նարեկ Կարապետյանին՝ 2013-ի նախագահական ընտրությունների նախընթաց շրջանում
ի պատասխան հարցի՝ ինչպես է գնահատում նախագահ ընտրվելու իր շանսերը Շիրակի մարզում, Սերժ Սարգսյանը, որը մեկ տարի առաջ՝ 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ,
ՀՀԿ-ի համար 44,1 տոկոս էր «խփել», ցինիզմով արձագանքել էր․ «Շանսը ո՞րն
է, իմ շանսը` հարյուրից իննսուն խփեմ, ութանասուն, յոթանասուն, դե վաթսուն, էդ ա, ինչքան
ուզես, էդքան խփենք»։
Ի դեպ, Նարեկ Կարապետյանի հայրը 2012-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր
էր ընտրվել։ Չենք կարող ասել՝ որքան կլինեին
նրա ընտրվելու «շանսերը», եթե ընտրական գործընթացի
«թիվ մեկ խփողը» իր ուզած ձևով միջոցառումներ իրականացրած չլիներ։
Հետևապես Նարեկ Կարապետյանը կարող է սպանել իր ներսի կասկածի որդն ու հանգիստ
պատրաստվել գալիք ընտրություններին, որևէ խարտիայի,
մուրհակի, եթե կուզեք՝ «բաշիքյարթմայի» կարիք չկա, առանց դրանց էլ երաշխավորված են
ընտրությունների ազատությունը, թափանցիկությունն ու օրինակարգությունը։ Իսկ նրանք,
ովքեր մտադիր էին և մտադիր են պետության մեջ «իրենց ձևով» հարցեր լուծել՝ կկրեն համարժեք պատասխանատվություն։
Երիտքաղգործչի առաջարկն ուշացած է։ Դրա կարիքը կար նախկին իշխանության օրոք, որը նախկին է դարձել նաև այն պատճառով,
քանի որ զբաղված էր ընտրական ինստիտուտի տոտալ բռնաբարմամբ, ժողովրդի կամքի վրա թքած
ունենալով և այլ պղծություններով։
Ի դեպ, քանի որ Նարեկ Կարապետյանը խոսք է բացել ազատ ընտրությունների
մասին, ապա ուզում ենք ենթադրել, որ ազնիվ ու սկզբունքային կլինի իրենց մասով, այսինքն՝
բարերարության անվան տակ ժողովրդի ձայները չգողանալը, այլապես կստացվի,
որ «մեր ձևովը» հին, մերժված, Սերժ Սարգսյանից
մնացած «դաղալ» ձևն է։ Հետևապես, ո՛չ դաղալությանը։
Հ. Մ.