Էրդողանի ինքնաթիռը երկրորդ փորձից է վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում

Քաղաքականություն

13.10.2025 | 18:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը երկրորդ փորձից է վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխի օդանավակայանում, որտեղ նա մասնակցելու է Գազայի հրադադարի համաձայնագրին նվիրված խաղաղության գագաթնաժողովին։ Թուրքական Անադոլուն գրում է, որ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը նախ օդանավակայանում բաց է թողել թռիչքուղին, այնուհետև Կարմիր ծովի վրա որոշ ժամանակ գտնվել է օդում, հետո միայն վայրէջք կատարել։

Նշվում է, որ Էրդողանին այստեղ դիմավորել են Եգիպտոսի մշակույթի նախարար Ահմեդ Ֆուադ Հաննոն, Եգիպտոսի երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սոբհին, Կահիրեում Թուրքիայի դեսպան Սալիհ Մութլու Շենը և դեսպանատան աշխատակիցները։

Թուրքական աղբյուրների համաձայն՝ հաղորդումներից հետո, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է մասնակցել Եգիպտոսում գագաթնաժողովին, Էրդողանի ինքնաթիռը շրջանցել է թռիչքուղին։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա չի մասնակցելու հավաքին։

Թուրք պաշտոնյան CNN Turk-ին ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացրել է՝ Նեթանյահուն չպետք է մասնակցի գագաթնաժողովին։ Նրա մասնակցությունը, ըստ տեղեկությունների, Էրդողանին ու մահմեդական ղեկավարներին կստիպեր բոյկոտել միջոցառումը։

Հավելենք, որ ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հերքել էր լուրերը, որ նա մասնակցելու է Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment