ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ-ից «Սպայկայի» վերաբերյալ միջնորդություն է ստացել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից «Սպայկա» ընկերության վերաբերյալ միջնորդություն է ստացել, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից, սակայն, միջնորդության մասին տեղեկություն չեն հայտնել։

«ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է «Սպայկա» ընկերության վերաբերյալ քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին ՌԴ իրավապահ մարմնի միջնորդությունը։ Միջնորդության բովանդակությունը տրամադրել հնարավոր չէ»,- ընդգծել են դատախազությունից։

Սեպտեմբերի 22-ին «Ազատությունը» գրել էր, որ գյուղմթերքի արտահանում իրականացնող «Սպայկայի»՝ այդ պահի դրությամբ ավելի քան 100 բեռնատար կես ամիս կանգնած է ՌԴ-ում։ Ընկերությունից հայտնել էին, որ բեռնված մթերքի մի մասը փչացել է, ընդհանուր վնասը հասնում է մոտ 2 մլն դոլարի, բայց ռուս իրավապահները դեռ պաշտոնապես չեն պարզաբանում՝ որն է խնդիրը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր լուրը, թե ռուս իրավապահները տուգանել են ընկերությանը։ Նա տեղեկացրել էր, որ, իր տեղեկություններով, ընկերությունը խնդիրներ ունի ՌԴ իրավապահների հետ։ Թե ինչ խնդիրներ են՝ նախարարը նշեր էր, որ ենթադրում է՝ դրանք հարկային հաշիվների հետ են կապված, բայց այլ մանրամասների չի տիրապետում։

Leave a Comment